Ուսումնական նախագիծ Մայիսի 14-24

Սփյուռքահայ գրականություն
Կարդալ բանաստեղծություններ, գրողների կյանքի ու գրական գործունեության հիման վրա պատրաստել ցուցադրություն: Կարելի է ներկայացնել խմբային աշխատանք:

Մուշեղ Իշխան
Մուշեղ Իշխանը ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում, 1914-ին։ 1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ Պատերազմից հետո վերադարձել է։ 1918-ին մահացել է հայրը։ Այնուհետև կրկին աքսորվել է։ 1928-ին ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին՝ Բեյրութի Հայ ճեմարանը, 1938 – 1940թթ. հետևել Բրյուսելի համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։ 1941 - 1951-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակը»։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Իշխանն աշխատեց մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։ Կյանքի մյուս դրվագներին ծանոթանանք՝ հետևելով 1988 թվականին գրած նրա ինքնակենսագրությանը. «Մանկությանս վերջին լավագույն տարիները անցած են Դամասկոս։ Վկայական ստացած եմ Հայոց ազգային վարժարանեն 1928 թվականին։ Արհեստ սովորելու ձախորդ փորձերը ետք, հաջողեցա ինքզինքս նետել Կիպրոսի Մելքոնյան վարժարանը, ուր մնացի դպրոցական երկու տարեշրջան՝ աշակերտելով Հակոբ Օշականին։ Ուսուցիչներս միայն իր անունը կը հիշատակեմ, որովհետև իր անունին հմայքն էր զիս հոն քաշողը և իր գրական ըմբռնումներն ալ հետագային խոր ազդեցություն ունեցան իմ կազմավորմանս մեջ։ Մելքոնյանի ընթացքը առանց ավարտելու, երբ արձակուրդ եկա Պեյրութ 1930 թվականին, դարձա գիշերօթիկ սան Շանթի և Աղբալյանի նոր բացած Հայ ճեմարանին»: Ճեմարանը ավարտելով՝ նա ուսուցիչ է դառնում նույն տեղում։ 1938-1940-ական թվականներին Իշխանը սովորում է Բրյուսելի համալսարանում։ Պատերազմի պատճառով կիսատ թողնելով ուսումը՝ վերադառնում է Բեյրութ և ճեմարանում շարունակում դասավանդել հայոց լեզու և գրականություն, մանկավարժություն և հոգեբանություն։

Մուշեղ Իշխանի բանաստեղծությունները տոգորված են նուրբ քնարականությամբ և խոհականությամբ։ «Տուներու երգը», «Հայաստան», «Կյանք ու երազ»,  «Ոսկի աշուն»,  «Տառապանք»,  և այլ ժողովածուներ։ Թատերախաղերը կառուցման սկզբունքով և մտածողության որակով նոր են՝ արդիական, արծարծում են ազգային, պատմական, հոգեբանական, սոցիալական և բարոյաբանական հարցեր։ Օրինակ՝ «Մեռնիլը որքան դժվար է», «Սառնարաևեն ելած մարդը», «Թատերախաղեր»։ Երևանում բեմադրվել են «Կիլիկիո արքան», «Նորք» երիտասարդ թատրոնը, և «Մեռնիլը որքան դժվար Է» պիեսները։ Արձակ գործերն են «Հացի և լույսի համար», «Հացի և սիրո համար», «Մնաս բարով, մանկություն» վեպերը, «Ապասում» վիպակը։ Գրել է «Արդի հայ գրականություն» աշխատությունը։ Մուշեղ Իշխանի անունով դպրոց է կոչվել Երևանում։ Մուշեղ Իշխանի «Հայ լեզուն տունն է հայուն» ասույթը «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի կարգախոսն է։ Մուշեղ Իշխանի որոշ բանաստեղծություններ դարձել են երգեր Արթուր Մեսչյանի երաժշտությամբ և կատարումով։

Զահրատ
Զահրատի իրական անուն ազգանունը՝ Զարեհ Յալտըզճյան է, ծնվել է 1924 թվականի մայիսի 10-ին Կոստանդնուպոլսում, արևմտահայ բանաստեղծ է։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։ 1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեսայանի հետ։

Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը», «Առանց քարի, առանց խաչի խաչքար»  և «Բառերուն տակի քերթվածը» ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։ Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն։

Մահացել է 2007 թվականի փետրվարի 20-ին Ստամբուլում։

 

 

No comments:

Post a Comment